Այսօր, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ փոթորիկը Նոր Նորք վարչական շրջանի Մուշեղ Գալշոյան 32 շենքի տանիքը մոտ 900 ք/մ պոկել և շպրտել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վնասվել են բակում կայանված BMW, Opel, Kia, Nissan, Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, այդ պահին բակում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան։ Այս պահին ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների ծառայողները։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Շենքը 5 հարկանի է։ Եվ բնակիչները վերջերս էին իրենց ուժերով հիմնովին վերանորոգել տանիքը, սովետական տարիների ազբեստի շիֆերները փոխարինել էին որակյալ թիթեղներով։ Հիմա մնում է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բարի կամք դրսևորեն և մի քիչ հրաժարվեն իրենց հատկացվելիք պարգևավճարներից ու այդ գումարները հատկանցեն վնասված ավտոմեքենայատերերին և բնակիչներին օգնեն, որպեսզի տանիքը կարճ ժամանակում վերանորոգվի։ Հակառակ դեպքում՝ անձրևների սկսման հետևանքով շենքը կդառնա վթարային։