Բժիշկ և բլոգգեր Էվելինա Խանոյանը կամ ինչպես իր լսարանին է հայտնի՝ Էվիկը մի քանի տարի է ինչ ապրում է Գերմանիայում, որտեղ շարունակել է ուսումը բժշկության ոլորտում։ Նա մեկնել արտերկիր մագիստրոսի կոչում ստանալու նպատակով, բայց այժմ հայկական լսարանին հայտնի տիկտոկեր է։ Тert.am Life-ի հետ զրույցում Էվելինան խոսեց արտերկրում ունեցած դժվարությունների, բարդ փուլերի, բլոգերության, հետագա ծրագրերի և անձնական կյանքի մասին։
«Այս պահի դրությամբ չեմ սովորում, բայց բժշկության ոլորտում միշտ սովորելու տեղ կա, և հետագայում ցանկանում եմ շարունակել՝ մասնագիտանալով մաշկաբանության ոլորտում:
Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, ապա Երևանի պետական բժշկական համալսարանում կրթություն ստացած Էվելինայի խոսքով՝ կրթությունը Գերմանիայում և Հայաստանում որակապես շատ է տարբերվում։
«Շատ թեմաների շրջանակներում մեզ մոտ առկա նյութերը հնացած են և շատ հաճախ չեն համապատասխանում բժշկական մի շարք ստանդարտներին, պրակտիկ հատվածը բավականին թույլ է մեզ մոտ, չնայած Բժշկական համալսարանն իր որակով ավելի բարձր մակարդակի վրա է»,- ասաց նա:
Էվելինան նշեց, որ բավականին դժվար է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում տարիքով պայմանավորված։
«17-18 տարեկանում դժվար է հասկանալ, թե դու ինչ մասնագետ ես ցանկանում լինել, որ ոլորտում ես շարունակելու քո ողջ հետագա աշխատանքը, բայց կասեմ, որ շատ գոհ եմ իմ ընտրությունից, որ ճիշտ ժամանակին կարողացել եմ հստակ կողմնորոշվել, թե ինչ մասնագետ եմ ցանկանում դառնալ: Շատ մասնագիտություններ են եղել, որոնց մասին երազել եմ ու հիմա էլ նկատում եմ, որ վերջնարդյունքը նույնն է, քանի որ ոլորտները, որոնցում ներգրավված եմ, բազմազան են ու տարբեր»,- ասաց նա։
Ամբողջությամբ՝ tert.am.life