Հենց հիմա ԱԺ-ում Արցախը հանձնվում է Ադրբեջանին
Այսօր, ապրիլի 13-ին, Հայաստանի խորհրդարանում Արցախը հանձնվում է Ադրբեջանին։
Սեփական պադչինյոննիներին բաժանված հարցերի միջոցով Նիկոլ Փաշինյանը կիսաճշմարտությունների ու տոտալ ստերի կատարյալ մաստեր կլասով հիմնավորում է Արցախի հանձնման անփուսափելիությունը։ Նիկոլի բերած բոլոր փաստարկները՝ որ մինչ իր իշխանության ստանձնումն Արցախն այլեւս հանձնված էր՝ անամոթ սուտ են։ Սեփական գավառական թատրոնի դերակատարների եւ հունիսյան ընտրությամբ նույն այդ թատրոնի հանդիսատեսի համար կազմակերպված վերջին արար՝ Արցախը Ադրբեջանի կազմում ամփոփելու համար։
Հենց հիմա նա հազարերորդ անգամ ոտքից-գլուխ, աջից-ձախ, վերեւից-ներքեւ խեղաթյուրում է իրեն ժառանգություն թողած բանակցային փաթեթը՝ Արցախը դե յուրե հանձնելու անխուսափելի աղետն իր ձեռքերից լվանալու համար։
44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն երեք անգամ բացահայտել է բանակցային գործընթացի ողջ էությունը։ Այդ մասին խոսել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ բացահայտելով նաեւ միջանկյալ կարգավիճակի հետ կապված հարցը՝ «Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշում ՄԱԿ-ի, կամ ԵԱՀԿ հովանու ներքո՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը եւ իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համապատասխան»։
Սա ուղիղ մեջբերում է Պոպովի հարցազրույցից։ Եւ որպես շարունակություն՝ «Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչեւ այն պահը, երբ Երեւանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»։
Ինչ վերաբերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի 11-րդ կետը, որ տրվել է 1995 թվականին, արձանագրում է, որ համանախագահները ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւեր նախապատրաստելու լիազորություն ունեն։
Այսինքն, այդ բանաձեւը պիտի նախապատրաստվեր առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, եւ ըստ հավաստի տեղեկությունների, արդեն իսկ նախապատրաստված էր։
Ուստի, առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին հրապարակել այդ փաստաթուղթը, որի կրկնօրինակը ինքը, ենթադրում եմ, ունի։
Եւ կարեւորը չէ, թե ով է վավերացնում վերջնական փաստաթուղթը։ Կարեւորն այն է, թե ի՞նչ է արձանագրում այդ փաստաթուղթը։ Իսկ այն արձանագրում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման մեխանիզմ, որի ընդունման երաշխավորությունը Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա եռանախագահությանն էր։
Ահա այսպիսի բանակցային ժառանգությունն էր ստացել Նիկոլ Փաշինյանը։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից