Ո՞ւմ դեմ է դուրս գալիս Ռուբեն Ջաղինյանը
Advertisement 1000 x 90

Ո՞ւմ դեմ է դուրս գալիս Ռուբեն Ջաղինյանը

Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող և ամանորյա տոներին՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ թողարկումով համացանցի հիթը դարձած  «Մարտիկ» հաղորդաշարի ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտիկ հաղորդաշարը փակվել է: Մարտիկ հաղորդաշարի ղեկավար Սեյրան Շահսուվարյանը հայտնեց ինձ, որ հեռախոսազրույց է ունեցել Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ, վերջինս նրան հայտնել է. «Շատ եմ ցավում, բայց եթեր չի գնալու Մարտիկը»: Պարոն Շահսուվարյանի այն հարցին, թե որն է հաղորդաշարի փակման պատճառը, հարցին Ջաղինյանը պատասխանել է ՝ պատճառաբանություն չկա:

Իրավիճակը հասկանալու համար կապ հաստատեցի Հ1-ի ծրագրերի բաժնի հետ: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ «Մարտիկը» եթերում չէ, պատասխանեցին «ա/ մենք «Մարտիկի» հետ պայմանագիր չունենք, բ/ես չունեմ հանձնարարական, որ պետք ա Մարտիկը լինի եթերում»: Իմ հավելմանը՝ այսինքն տնօրինությունն է որոշ՞ել, որ«Մարտիկը» պետք է եթեր չգնա, պատասխանեցին. «Նու հա, կարելի էդպես մեկնաբանել… հա՛»:

«Մարտիկը» հանարային հեռուստատեսության ստրատեգիական նշանակության հաղորդում է, և «Մարտիկի» փակելը չի կարող է լինել գաղտնի ու ոչ էլ առանց «պատճառաբանության»: Հաղորդումը ստեղծվել է եռակողմ համաձայնության արդյունքում, և չի կարող Հանրային հեռուստատեսությունը միակողմանի, առանց կողմերի և հանրության կարծիքը հաշվի առնելու՝ կամայական որոշում կայացնել: «Մարտիկի» փակումը հասարակական քննարկման առարկա է:

Ակնկալում ենք հանրության աջակցությունը այս կամայական որոշման դեմ:

«Մարտիկ» հաղորդաշարը 23 տարեկան է, այն ստեղծվել է ներկայիս ՀՀ նախագահ, 1993-ից 1995 թվականներին ՊՆ նախարար ՝ Սերժ Սարգսյանի ցուցումով (առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1994 թվականի ապրիլի 7-ին): Քսաներեք տարիների ընթացքում հաղորդումը այսօրվա՝ Ազգ-բանակ գաղափարի կարևորագույն քարոզամիջոց է:

Հաղորդումն ամեն շաբաթ կապ է ստեղծել մշակույթի գործիչների, բանակի, զինվորների և նրանց ընտանիքների միջև՝ պարգևելով անմոռանալի ուրախ պահեր:

Ստեղծագործական խումբը բանակաշինության գործում զգալի ավանդ է ներդրել, որը գնահատվել է պետական բարձր պարգևներով և գերատեսչական մեդալներով:

Ստեղծագործական կազմում են երկրում եզակի, ռազմական լրագրության և օպերատորության վարպետներ, որնցից շատերը վերջերս պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալներով նախարարի կողմից՝ Քառօրյա պատերազմին մասնակցելու, լուսաբանելու համար:

2017 թվականի տոնական թողարկումներից սկսած՝ Հանրային Հեռուստատեսության ծրագրային ցանցում Մարտիկ հաղորդաշարը վերածվել էր անտեսանելի ուրվականի: Այսինքն՝ եթեր էր հեռարձկվում, բայց ծրագրում չկար: 2017 թվականի երեք թողարկումները առանց նախազգուշացման հեռարձակվեցին՝ ժամային խախտումներով և առանց կրկնությունների:

Կարելի է ասել ցուցադրությունները եղան գաղտնի:

Հիմա պետք է հասկանալ, ինչպես է ստացվում, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից՝ «Մարտիկ» հաղորդաշարը ՀՀ Հանրայաին հեռուստատեսության 60-րդ և ՀՀ Հանրային ռադիոընկերության 90-րդ տարեդաձերի կապակցությամբ ու զանգվածային լրատվամիջոցներով ԶՈՒ առօրյան լուսաբանելու համար պարգևատրվում է պատվոգրով, իսկ պարոն Ջաղինյանը «շատ է ցավում», թե ինչն է կամ որ մասն է ցավում, կարելի է իմանալ հաղորդման փակվելու պատճառը հասկանալուց հետո. Զորակցում ենք:

«Մարտիկի» հանդեպ Հանրային հեռուստատեսության դիվերսիոն գործողությունների մասին դեռ լռում եմ… բայց հարկ եղած դեպքում կբացեմ շատ փակագծեր… լայն կբացեմ…

Հարց . Փակելով «Մարտիկ» հաղորդումը` ո՞ւմ դեմ է դուրս գալիս Ռ.Ջաղինյանը, բանակի՞, զինվորի՞, զինվորի ընտանիքի՞, մշակույթի գործիչների՞, հանրությա՞ն, թե…

Հիշեցնեմ, Հանրային հեռուստատեսության շուրջ ծավալված վերջին աղմկահարույց քննարկումից հետո ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը այցելեց Հ1 և հատկապես պարոն Ջաղինյանի հետ զրույցում տվեց ցուցում. մեջբերում եմ. «Մինչև հաղորդում, պետք է տվյալ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցել, փորձել հասկանալ իրենց ցանկությունները, փորձել տեսնել, թե լսարանին ինչ է հետաքրքրում, իրենց հետ խորհրդակցելը կարծում եմ օգտակար կլինի: Փոխադարձ կապ պետք է լինի, հանրությունը պետք է ազդի հեռուստատեսության բուն նյութի վրա»:

P.S. Ամեն անգամ, երբ «Մարտիկը» անակնալ թակում է որևէ դուռ, և արձակուրդ բերում զինվորի, վերջում գրեթե բոլոր ծնողները ասում են նույն բանը՝ «Ես գիտեի, ես հավատում էի, որ մի օր էլ մեր դուռը կծեծեք»:

Սիրելի՛ զինվորների ծնողներ, կարող եք այլևս մեզ չսպասել:

Տոնական հաղորդումները նկարահանելու ժամանակ լրագրող-մեկնաբան Վարուժան Օլքինյանը կես կատակ, կես լուրջ ասաց. «Տղերք, ձեզ կփակեն, ես նման ամանորյա տեքստ կարդացի 90-ականներին՝ «Հայլուրը» փակեցին», բայց մենք առարկեցինք, «Հիմա 90-ականները չեն»:

Փաստորեն, հիմա ինչպես ապացուցեց ՀՀԽ նախագահ Ռ. Ջաղինյանը, լավ էլ 90-ականներն են, ավելին՝ Նորքում ցուրտ է:

Հաղորդման ռեժիսոր՝  Արման Վարդանյան»