Այսօր, ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության պետի տեղակալ Ղազարյանը, ինչպես նաև՝ ավագ քննիչ Հովհաննիսյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Դոլինյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Քանի որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում արդեն ունեին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, մարզի ոստիկանապետի հանձնարարականով՝ ստեղծվում են օպերատիվ խմբեր, որոնք ղեկավարում են մեկը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վ․ Գևորգյանը, մեկը՝ ոստիկանության Արմավիրի բաժնի պետի տեղակալներից Թարվերդյանը, իսկ մյուսը՝ Օհանյանը։
Դեպքի վայրում հավաքված գյուղացիներից մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Թե ինչն է եղել վիճաբանության ու կրակոցների պատճառը, չգիտենք։ Միայն այն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ գյուղ ներս մտնող ու դուրս եկող ճանապարհները փակեցին, ու որոնում էին Լաերտին։ Հետո իմացանք, որ ոստիկանները պարզել են, որ Լաերտը գյուղից դուրս է եկել, ով նաև հրացանով է։
Ու ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում, ինչից հետո ինքնակամ ներյականում է ոստիկանության Արմավիրի բաժին։ Լսել ենք նաև, որ հրացանն էլ հետն է տարել բաժին»։
Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 կրակված պակուճ, կրակոցից արձակված կոտորականեր, արնանման հետքեր և արնոտ հողաթափեր։ Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ՝ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։ Հրացանի հետ նա ներկայացրել է նաև 6 փամփուշտ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։