Այս պահին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասեր գրեթե չկան. Գագիկ Ղազինյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Այս պահին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասեր գրեթե չկան. Գագիկ Ղազինյան. armdaily.am

Ես չգիտեմ՝ ուսանողները միացել են բողոքի ակցիա անողներին, թե ոչ, բայց այս պահին ֆակուլտետում դասեր գրեթե չկան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

Նա նշեց, որ բացառություն են կազմում միայն մագիստրոսական մեկ-երկու ծրագրերի շատ քիչ թվով ուսանողներ։

«Ընդհանուր դասեր չկան։ Ինձ չեն զեկուցել, թե ուր են գնում, որ դասի չեն գալիս։ Երեկ նույնպես մոտավորապես նույն պատկերն է եղել։ Բակալավրիատի մեկ-երկու հոսքում, բայց շատ քիչ թվով ուսանողներով դասեր արվեցին, մոտավորապես ընդհանուր թվի ¼-ն էր ներկա»,- ասաց Ղազինյանը։

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, ապա Ղազինյանը նշեց, որ դեռ 90-ականներից ֆակուլտետում մի սկզբունք է գործում։

«Եթե ուսանողը մտնում է ֆակուլտետ, ուրեմն գալիս է կրթություն ստանալու։ Այսինքն՝ դասախոսը միշտ պետք է պատրաստ լինի, որ ուսանողը եթե գա, դասերը պետք է լինեն։ Եթե չի գալիս՝ դասեր չեն լինում»,- ասաց Ղազինյանը։

Հարցին՝ դասախոսները ցանկություն հայտնում են մասնակցելու բողոքի ակցիաներին, Իրավաբանական ֆակուլտետի դեկանը պատասխանեց. «Դասախոսները ինքնուրույն մարդիկ են, ինքնուրույն կազմակերպված և իրենք են որոշում իրենց անելիքը։ Այստեղ մեր երկրորդ սկզբունքն է՝ դասերի ընթացքում որևէ քաղաքական զեղումներ չկան, դասերից հետո յուրաքանչյուրն ինքն է որոշում իր, այսպես ասած, օրակարգը՝ պայմանավորված իր մտածելակերպով, իր գաղափարներով և այլ։ Դա բոլորը գիտեն։ Այնպես, որ մեզ մոտ միապետություն չէ, որ բոլորը զեկուցեն, թե ուր են գնում»։

Գագիկ Ղազինյանը նորմալ է գնահատում նաև ուսանողների կողմից բողոքի ակցիաներին մասնակցելը։

«Ձևավորված մարդիկ են, մանավանդ մասնագիտությունը հաշվի առնելով՝ իրենք ունակ են կողմնորոշվելու, թե որ գաղափարն են ընդունում, ինչպես են վերաբերում տարբեր հարցերի, որոնք ծառացած են մեր երկրի առջև։ Իմ կարծիքով՝ դա ամենաճիշտ մոտեցումն է, որպեսզի մարդիկ՝ ապագա իրավաբանները, հենց առաջին իսկ տարիներից իրենք կարողանան որոշել իրենց վարքագիծը ցանկացած իրավիճակում և որպես կանոն՝ ճիշտ են կողմնորոշվում»,- ասաց Ղազինյանը։

Նա ասաց, որ դասերին չմասնակցելը հետագայում խնդիրներ չի առաջացնի ուսանողների համար։

armdaily.am