Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց: Հայտնում է քաղաքապետարանը։
Դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ: Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:
Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման: