Ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում, գրում է shamshyan.com-ը։
Պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչները՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։ Իսկ Երևանի բնակիչները՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։
Աղբյուրը նաև գրում է նշված անձանց մի մասը Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք են։ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։ Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։