Արդեն 2 ժամ է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքում դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստ, որով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը Երևան քաղաքի դատախազի կարգադրությամբ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հետիոտն, հղի Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո դատավորը անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու՝ դատավորը վերադարնալով խորհրդակցական սենյակից մերժեց կալանավորման միջնորդությունը և քննիչի որոշումը մնաց անփոփոխ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը որոշում էր կայացրել ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին ( հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկած, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ:
Ա. Փարսադանյանը Ա. Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի