ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նորատուս համայնքում երկու եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, 40-ամյա տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով հիշյալ երկու եղբայրների հետ որս կատարելու նպատակով գնացել է «Կայի Դիք» կոչվող տարածք: Ժամեր անց վերջիններիս միջև ծագած վիճաբանության ընթացքում եղբայրները ծեծի են ենթարկել 40-ամյա տղամարդուն:
Վերջինս էլ ավտոմեքենայից վերցնելով նախապես իր հետ տարած որսորդական ողորկափող հրացանը, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ երկու անգամ կրակել է նրանց ուղղությամբ, եղբայրներից մեկին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մյուսին՝ թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո դիմել է փախուստի, սակայն 40-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ եղբայրները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: