Տեղեկացանք, որ Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար: Քննչական կոմիտեն հաղորդում է, որ․ «2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը»: Եւ առաջադրել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում ամեն օր բռնաբարվում է ժողովրդավարությունը: «Դուք պատկերացնո՞ւմ եք այն ռուսաստանցու հետ ինչպես կվարվեին, ով եթե օրինակ Ղրիմը համարեր ոչ ռուսական, կամ ի՞նչ կլիներ այն ամերիկացու հետ, ով կասի Ալյասկան Ամերիկայինը չէ»:
– Պարոն Ախոյան, ընդդիմադիրների դեմ քրեական գործեր են հարուցվում, մարդկանց ենթարկում տարատեսակ հալածանքների: Ձեր դեմ հարուցված գործի նպատակը ո՞րն է:
– Այն ստահակը` Ռոման Բաղդասարյանը, որը հրապարակավ արցախցիների հասցեին տարատեսակ սկանդալային հայտարարություններ է արել, ես լայվի միջոցով հայտարարեցի, թե` ով համարձակվի հայ ազգի մեջ մտցնել նման պառակտում, նա ապրելու իրավունք չունի և բնականաբար մի քանի բառ ավել ասացի զայրույթի ազդեցության տակ: Այսինքն` ստացվում է, որ արցախցուն անպատվողին ամեն ինչ կարելի է, իսկ նման մարդկանց զսպելու համար քրեական գործ են հարուցում:
– Այսինքն, կարծում եք` այս քրեական գործն օբյեկտիվ չէ, օրինական չէ:
– Հարյուր տոկոսով սա քաղաքական դրադապատճառներ ունի, հակառակ դեպքում նման անհեթեթության համար քրեական գործ չէին հարուցի: Ես համոզված եմ: Պարզապես սա եղավ հենց այն նույն օրը, երբ ինձ բերման ենթարկեցին: Հիմա ես սպասում եմ դատարանի հրավերին: Գործն արդեն հարուցված է, պետք է ուղարկվի դատարան: Ես այնտեղ մի հետաքրքիր բացատրություն էի գրել, այն է` կարո՞ղ եք ինձ ասել, թե ի՞նչ կլինի այն ռուսաստանցու հետ, ով կասի, թե Ղրիմը ռուսական չէ, կամ ի՞նչ կլինի այն ամերիկացու հետ, ով կասի, թե Ալյասկան ամերիկացիներինը չէ: Ես ընդամենն ասել եմ, որ նման հակահայ, դավաճանական դրսևորումներն անընդունելի են ինձ համար:
– Փաստորեն պնդում եք, որ այս վերաբերմունքը պայմանավորված է Ձեր քաղաքական դիրքորոշմամբ:
– Այո, միանշանակ: Այսօրվա պրոցեսները մեծ դեր խաղացին, բայց դուք գիտեք, որ ես դեռ 2018-ից սկսած քննադատել եմ այս իշխանություններին: Ինչո՞ւ, որովհետեւ հենց ամենասկզբից սկսեցին պախարակել գեներալներին, մարդկանց վրա շինծու գործեր կարեցին, մարդկանց մեջ սկսեցին թույն ներարկել, փորձեցին ոչնչացնել մեր ազգային ավանդական արժեքները: Ես «Կամք» նախաձեռնության հետ միասին նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի չուչելն աղբարկղն էի նետել, քանի որ իրականացնում էր անընդունելի գործողություններ: Պատերազմից հետո էլ պահանջել եմ այս իշխանությունների հրաժարականը: Ես ինքս այս պայքարի մասնակիցն եմ այժմ:
– Իսկ իշխանություններին կհաջողվի՞ հաջողության հասնել: Հատկապես վերջին շրջանում բազմաթիվ ձերբակալությունֆների ենք ականատես լինում:
– Ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել այն բոլոր անհեթեթ քրեական գործերի միջև, որոնք հարուցվել են այս ընթացքում: Օրինակ` պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ձերբակալությունն անհեթեթության գագաթնակետն է: Մարդն ընդամենը բարկության ֆոնի վրա մի բան է ասել: Գյումրիում ինչ-որ բերովի, շինծու մարդիկ հարձակվում են ընդդիմադիրների վրա, թե իբր դեմ են ընդդիմությանն, այս մարդն էլ բարկացած մի բան է ասում: Ժողովրդավարության բաստիոն կոչվող երկրում, ժողովրդավարությունը բռնաբարված է վաղուց: Այստեղ չկա ժողովրդավարություն, կա կրկեսի մի ներկայացում, որով իշխանությունները կերակրում են իրենց համախոհներին և այն անգրագետ մասսային, որն ամեն րոպե պետք է կերակրվի տարատեսակ սենսացիաներով: Գյումրիում ասում են` 80 տարեկան մարդու են ծեծել, բայց ոչ ոք չի ասում 80-ամյա տարեց մարդն արդյոք կարո՞ղ է իր թոռնիկներից ավելի փոքր երեխաներին հայհոյել, վիրավորել, հասցնել նրան, որ երեխաները հունից դուրս գան: Ավետիք Չալաբյանին էլ ձերբակալում են ծիծաղի ժանրից մի հոդվածով: Ի՞նչ է նշանակում` մարդը 1000 դրամով մարդ բերի: Ամոթ է, չի կարելի: Այս շարքը կարող եմ անվերջ թվարկել, սակայն հիմա ավելի ճիշտ կլինի ասել, որ նմանօրինակ գործերը չեն ազդելու մեր պայքարի վրա: Ես պատերազմ տեսած մարդ եմ, այս կյանքը, որ ապրում եմ ինձ համար բոնուս է, իմ ընկերները բոլորը զոհվել են, ես էլ թքած ունենամ, թե իմ հետ ոնց կվարվեն, բայց թքած չեմ կարող ունենալ, թե ոնց են վարվում Հայաստանի հետ….