Կամսար Բադալյանի ֆեյսբուքյան էջից.
«Սիրելի հայրենակիցներ, համահայկական դիմադրության շարժումը հասել է մի փուլի, երբ օրհասական է հայի և թուրքի շահը պահողների միջև վերջնական ջրբաժան գծելը:
Հայաստանի և Արցախի՝ ազգային և պետական շահերին առնչվող կարմիր գծերի սահմանումների վերաբերյալ պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն ԲՈԼՈՐ պետական պաշտոնյաները:
Դեռ շանս ունե՛ք ընտրության: Մինչև վաղը՝ ժամը 16։00՝ խորհրդարանում նշանակված արտահերթ նիստը սկսելը, որին մասնակցելու են ընդդիմադիր երկու ֆրակցիաները:
Իսկ մենք, սիրելի հայրենակիցներ, Վաղը՝ հունիսի 3-ին ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվենք Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցելու ըննդիմադիր մեր պատգամավորներին, ապա կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշենք մեր հաջորդ անելիքները։
Մեր պայքարը հանուն Հայրենիքի հարատևման շարունակվում է: Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում։
ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Կարմիր գծերը
Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: