Չեմ կարծում որևէ քաղաքական ուժ համաձայն չլինի, որ ընտրությունների օրը փոխվի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով խոստովանեց, որ երբ լսել էր, որ ապրիլի 2-ին պետք է անցկացվեին ընտրությունները, չափազանց զայրացել էր:
Անահիտ Գևորգյանը նշեց, թե պարտավոր են փոխել ընտրությունները օրը: «Թող մեկ շաբաթ շուտ անեն, ուշ, բայց այդ օրն ընտրություններ անցկացնելն անընդունելի է: Դա անարգանք է մեր երեխաների հիշատակին, մի՞թե չեն հարգում այն մարդկանց, ովքեր պահեցին մեր հողը, հայրենիքը»,- ասաց նա:
Աբաջյանի տատիկը նշեց, որ այսօր դպրոցում լսել էր, որ Նախագահը երեկ անդրադարձել է ապրիլի 2-ին ընտրությունների օրը փոխելուն, ինչը ճիշտ որոշում է:
«Մեզ մոտ էլ այսօր դպրոցում ասացին, որ Նախագահը ինչ-որ խոսել է, որ oրը փոխում է։ Ճիշտ որոշում է, կարող են ավելի շուտ անցկացնել, կարող են ուշ, բայց վիրավորանք է այդ օրը նշանակել, երբ այդքան զոհ ենք տվել: Ընտրությունները միշտ տոն է եղել, հետո հաղթող ուժը այդ օրն իր համար տոն կդարձնի. ի՞նչ է՝ հիմա այդ տոնը սգո օ՞րը լինի։ Ինձ թվում է՝ սխալ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցում և պատրաստ է բոլոր ուժերի հետ քննարկել այս հարցը:
«Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, ապա ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկել այս հարցը»,- ասել էր նա:
Անահիտ Գևորգյանը նշեց, որ միանում է օրը փոխելու կոչին և վստահ է, որ մյուս ուժերը ևս կողջունեն այդ քայլը:
«Ինձ թվում է, որ ապրիլի 2-ին զոհերի հարազատները լինելու են իրենց երեխաների մոտ և ոչ թե ընտրատեղամասերում, և շատերն են գնալու՝ հարգելու զոհերի հիշատակը, ոչ միայն ապրիլի երկուսի, այլ նաև 92թ-ի զոհերինը: Կարևոր է՝ հաշվի նստեն ժողովրդի հետ, եթե փոխեն, նշանակում է, որ դեռ արդարություն կա, դեռ չի կորել ամեն ինչ: Ուրեմն ժողովուրդը այնքան է դժգոհել, որ տեղ է հասել և նրանք հասկացել են, որ չի կարելի, որ սխալ է, որ այդ օրը ընտրություն լինի»,-ասաց նա: