Samsung-ը այս տարի կկրճատի հեռախոսների արտադրությունը 30 միլիոն միավորով
Advertisement 1000 x 90

Samsung-ը այս տարի կկրճատի հեռախոսների արտադրությունը 30 միլիոն միավորով

2022 թվականին Samsung-ը պլանավորվածից 30 միլիոնով քիչ սմարթֆոն կթողարկի։ Ընկերությունը դա բացատրում է մակրոտնտեսական ճգնաժամով և պահանջարկի նվազմամբ։

Samsung-ը կկրճատի ինչպես բյուջետային, այնպես էլ՝ միջին և ֆլագմեն մոդելների թողարկումը։ Ընկերությունը կրճատել է 2022 թվականի արտադրության իր պլանը 310 միլիոն սմարթֆոնից՝ մինչև 280 միլիոն միավոր, հայտնում է SamMobile-ը՝ վկայակոչելով Maeil Business News-ի կորեական հրատարակությունը։

Samsung-ը նշել է աճող գնաճը՝ որպես պլանների ճշգրտման հիմնական պատճառ, ինչը ստիպում է գնորդներին կրճատել ծախսերը: Բացի այդ, շուկայի վրա ազդում է չիպերի և այլ բաղադրիչների բացակայությունը։

Strategy Analytics-ի ապրիլյան հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Samsung-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 24%՝ ամենաբարձրը վերջին հինգ տարվա ընթացքում։ Վերլուծաբանները նշում են, որ հաջողության հիմնական պատճառը Galaxy S22 սերիայի մեծ պահանջարկն էր։ Երկրորդ տեղում Apple-ն է՝ 18% բաժնեմասով։ Լավագույն հնգյակում են մնացել Xiaomi-ն, OPPO-ն (ներառյալ OnePlus-ը) և vivo-ն։

Strategy Analytics-ը նշում է, որ տարվա առաջին եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով նվազել են 11%-ով՝ հասնելով 314 միլիոն միավորի։ Ինչպես նշել է Strategy Analytics-ի գործադիր տնօրեն Լինդա Սույը, սա արդեն անընդմեջ երրորդ եռամսյակն է, որ սմարթֆոնների վաճառքը նվազում է։ Մատակարարումները սահմանափակ են բաղադրիչների պակասի, տնտեսական պայմանների, աշխարհաքաղաքական խնդիրների և COVID-19-ի բռնկման հետևանքով արտադրության խափանումների պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան