«Залечь на дно в Ереване»․ այսպես է կոչվում թատերական շոուն, որի մասին հայտարարությունն արդեն մի քանի օր՝ պտտվում է սոցիալական ցանցերում։ Եվ ամեն ինչ լավ կլիներ («ТНТ»-ի սիրված աստղերի մասնակցությունն արդեն իսկ խոսուն է), եթե չլիներ ֆեյսբուքյան հանրության արձագանքը, որը կտրուկ քննադատության է ենթարկել պաստառը․ դրանում շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։
Կազմակերպիչներին մեղադրել են սրբապղծության, հայկական արժեքների եւ մասնավորապես լավաշի հանդեպ հարգանքի բացակայության համար։ Հիշեցրել են, որ հայկական լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։
Այս առիթով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ քննարկվող ներկայացումը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որեւէ առնչություն չունի։ Պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի ունեցող այն ներկայացումների համառոտ նկարագրերը եւ գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին եւ պաստառի էսքիզը չի ներկայացվել եւ չի ստացել թատրոնի համաձայնությունը։
Կազմակերպիչները «ինտրիգային սյուժեով, հանդուգն հումորով եւ «ТНТ»-ի կուլտային «Comedy woman» նախագծի փայլուն աստղեր Եկատերինա Վարնավայի, Նատալյա Եփրիկյանի․ Ալեքսանդր Գուդկովի եւ Եվգենի Բորոդենկոյի մասնակցությամբ միջոցառում են խոստանում։ Հատուկ հյուր՝ Արսեն Գրիգորյան»։