Ապարան համայնքի տարածքում երեք օր առաջ տեղի ունեցած կրակոցներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացված երկու քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, վատացում չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Կուրղինյանը հայտնեց, որ մյուս քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
NEWS.am-ին «Աստղիկ» ԲԿ-ից հայտնեցին, որ իրենց մոտ հոսպիտալացված քաղաքացին ապաքինման փուլում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ հունիսի 19–ին, Ապարանից Նիգավան գնացող ճանապարհահատվածում սպանություն էր տեղի ունեցել։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել էր, իսկ 6 հոգի տեղափոխվել էին Երեւանի բժշկական կենտրոններ: Ժամեր անց, սակայն, մահացել էր եւս մեկ քաղաքացի։
Հարուցված քրեական գործով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձը՝ Արմեն Հովհաննիսյանը, Ձորագլուխ համայնքից է։ Նա եղբոր հետ շաբաթ օրը երեկոյան 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում, ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը 32-ամյա տղամարդը եղբոր եւ մի քանի անձանց հետ, նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:
Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել են Երեւանի բժշկական կենտրոններ: