ՀՀ բանակի տոնի առթիվ զորահանդես Գյումրիում տեղի չունեցավ՝ եղանակի պատճառով
Advertisement 1000 x 90

ՀՀ բանակի տոնի առթիվ զորահանդես Գյումրիում տեղի չունեցավ՝ եղանակի պատճառով

ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի  առթիվ նախապես հայտարարած զորահանդեսը Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի չունեցավ՝ եղանակի պատճառով:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի միջոցառումների շրջանակներում անցկացվող միջոցառումների ժամանակացույցում փոփոխություններ, ըստ մարզային իշխանությունների ներկայացուցիչների, իրականցվել է միայն ցուրտ եղանակի պատճառով, որն էլ  խանգարեց   Շիրակի կայազորի հակատանկային-հրետանային զորամասի զինվորներին ցուցադրելու այն հմտությունները, որ ձեռք են բերել ծառայության ընթացքում: Փոխարենը, ինչպես միշտ, այս անգամ էլ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելով երկրի սահմանների պաշտպանության գործում իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակին: Զինակից ընկերների գերեզմանին այցելելով օրը սկսեցին նաև երկրապահ կամավորները:

«Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում այս տոնն իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուրիս համար: 25-ամյա հայոց բանակն իրականություն դարձավ Արցախում և Հայաստանի սահմաններում հերոսացած հայորդիների սխրանքներով և մեր ողջ ժողովրդի հավաքական ու անկոտրուն կամքով: Զոհաբերելով ամենաթանկը` իրենց կյանքը, մեր զինվորներն ու սպաներն ապրիլյան քառօրյա պատերազմում արիության ու հայրենիքին նվիրվածության շնորհիվ ևս մեկ անգամ կանխեցին թշնամու հերթական խարդավան գործողությունները: Մենք հպարտությամբ պետք է հիշենք մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհենք ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմների առջև: Առաջնորդվելով ազգ-բանակ գաղափարախոսությամբ` այսօր հայկական բանակը տարածաշրջանում կայացած և մշտապես կատարելագործվող կառույց է. մեր ժողովրդի անվտանգության պաշտպանն է, խաղաղ ու անվտանգ կենսագործունեություն ապահովողը, ինչպես նաև մեր երկրի առաջընթացի կարևորագույն երաշխիքը»,- շնորհավորելով բոլորին նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Քաջառողջություն, բարօրություն ու խաղաղ երկինք, իսկ զինվորներին անկոտրում կամք և մարտական բարձր ոգի  է  մաղթում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ փաստելով, որ  բանակի կազմավորման հիմքը դրվեց մեր երկրի և ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում` դառնալով մեր անկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը: «Կազմավորման առաջին իսկ օրվանից Հայոց բանակը կարողացել է անսասան պահել մեր պետության սահմանները: Տարածաշրջանում ամենամարտունակ հայոց բանակը, 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա մարտերի ժամանակ, ետ մղելով հակառակորդի գրոհները, հերթական անգամ ապացուցեց իր պատրաստվածությունը և մարտունակությունը: Այսօր մեր բոլորի պարտքն է նաև գլուխ խոնարհել բոլոր այն զինվորների հիշատակի առաջ, ովքեր 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ ընկան հերոսի մահով՝ կյանքի գնով պահպանելով մեր երկրի խաղաղությունը»,-իր մաղթանքի մեջ նշում է Սամվել Բալասանյանը: