«25 տարին բավականին երկար ժամանակ է կազմավորվելու ու ամենակարևորը հաղթանակներ արձանագրելու, ինչը, բարեբախտաբար, մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում».- Life.panorama.am-ի հետ զրույցում Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ նշեց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Աթենյանը:
Շնորհավորական խոսքը ասելիս` Տեր Եսային ընդգծեց` մենք ունենք հզոր բանակ.
«Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, հրամանատարներին, ամբողջ սպայակազմին, մեր բանակին այս սուրբ տոնի առիթով: Մեր գրանցած հաղթանակների համար պարտական ենք առաջին հերթին մեր զինվորներին: Տա Աստված, որ այդ հաղթանակները միշտ ամրապնդվեն ու նոր հաղթանակներ ունենանք մեր կյանքի ընթացքում:Այսօր այնպես է ստացվել, որ մեր հասարակական ու ազգային կյանքում ամենակարևոր օղակը բանակն է: Դժվար թե այսօր մեր հասարակության մեջ մեկը գտնվի, ով առանց բանակի պատկերացնի իր կյանքը, խաղաղ արարումն ու ստեղծագործ աշխատանքը, հետևաբար` բանակը մեր գրավականն է, մեր երաշխիքը մեր ստեղծագործ կյանքն ապրելու համար»,- նշեց նա:
Խաղաղության համար ամենաթանկը «վճարել» են որդեկորույս ծնողները: Նրանց մասին Տեր Եսային այսօր չմոռացավ.
«Որդեկորույս ծնողների առաջ պետք է խոնարհվենք: Դժվար է այս պարագայում նրանց համար խոսքեր գտնել, այդ խոսքերի փոխարեն մեր խոնարհումը պետք է տանք նրանց առաջ, մեր երախտագիտությունը պետք է մատուցել ոչ միայն բառերով, որպեսզի այն ամենի համար, ինչ-որ իրենց զավակները կյանք տվեցին, ամուր ու հաստատուն պահենք, որպեսզի մեր զինվորների զոհաբերած կյանքն ու նահատակությունը անիմաստ չդառնա: Մենք պետք է այդ ծնողներին մեր խոնարհումն ու հարգանքը գործնականում ցույց տանք»,- ընդգծեց Տեր Եսայի քահանա Աթենյանը:
Սահմանին կանգնած զինվորներին էլ Տեր Եսային նախ քաջություն մաղթեց.
«Մեր զինվորներին քաջություն ու տոկունություն եմ մաղթում, սակայն այս պարագայում ևս միայն խոսքերը բավարար չեն: Մենք էլ թիկունքում պետք է լինենք պատրաստ` պայքարի և իրենց թիկունքը պինդ պահելու»:
Իր խոսքը եզրափակելով` մեր զրուցակիցը նշեց.
«Այսօր Հայոց բանակի առավելությունը նրանում եմ համարում, որ ես, ի դեմս իմ երխայի, տեսնում եմ ապագա զինվորի ու դրանով արդեն իսկ հպարտանում եմ, թեև նա դեռ շատ փոքր է»: