SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։
Նշված նյութերը կազմվել են հունիսի 27-ին Երևանի Պետական Համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ-ի հաղորդման հիման վրա։ Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը, ժամը 06։00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։
Համալսարան է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնամունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի ծառայողների գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։
Կարճ ժամանակում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Արտաշես Մ-ին հայտնաբերել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։