Մի քանի օր առաջ տեղեկացա, որ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ…»:
Շատ երկար, դրամատիզմով լի նախադասություն է։ Կարելի է նույնիսկ ասել, որ սա բացահայտում է։ Բայց կան ավելի խորը և անսպասելի բացահայտումներ․
«Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ…»:
Իսկ հիմա, եթե այս ամենը ներկայացնենք մարդկային լեզվով, ապա աշխատանքի վայրը լքող գլխավոր դատախազը կամ էլ նոր գործի անցնող գլխավոր դատախազը… առաջարկում է ինտերնետում գրաքննություն իրականացնել…
Անհասկանալի է, թե ինչու է դատախազությունը հիմա հայտնաբերել, որ գոյություն ունի ինտերնետ, որտեղ կարող են, օրինակ, հայհոյել կամ թմրադեղեր վաճառել։ Եվ դատախազությունը առաջարկում է այս ամենի դեմ պայքարել։
Մի փոքր նյուանս էլ նշեմ․ ինձ հայտնի ոչ մի հանրային քննարկում այս առաջարկի շուրջ չի եղել…
Իսկ հիմա պատմեմ, թե ինչ հետևանքներ է այս ամենը ունենալու։
Եթե գնանք Ռուսաստանյան ճանապարհով, ապա սկզբից հայտարարվելու է պայքար համացանցում թմրադեղերի, ինքնասպանությունների կոչերի դեմ։ Իսկ հետո մի գեղեցիկ օր մենք հայտնաբերելու ենք, որ պետությունը զբաղվում է արգելափակումներով։ Ընդ որում՝ հիմնականում քաղաքական բնույթի։
Ամենամազալուն այն է, որ այս ամենը չի աշխատելու։ Ոչ մի ձև։
Խրատական վերջաբան․
Հինգերորդ դարն էր։ Քրիստոսից առաջ։ Մեծն Քսերքսեսը հունական արշավանքների ժամանակ խիստ վրդովվել էր, երբ փոթորիկը խափանեց իր պլանները։ Եվ նա հրամայեց մտրակել անպիտան ծովը։ Ու, ասում են, շահինշահի սիրտը հովացավ։
Սամվել Մարտիրոսյան
Ամբողջությամբ՝ media.am