Հուլիսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:
Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի, նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ թեպետ ահազանգը ստացվել է վերելակի պոկվելու վերաբերյալ, սակայն ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակի մեջ և փորձել է դուրս գալ, սակայն ընկել է հորանը: Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են: