Կառավարության երրորդ մասնաշենքի առջեւ այսօր՝ հունիսի 11-ին, բողոքի ակցիա են իրականացրել հաշմանդություն ունեցող երեխաների ծնողները, քանի որ բժշկական պետպատվերների կրճատման հետեւանքով երեխաները զրկվել են վերականգնողական բուժումից:
«Բոլորիս երեխաները տարբեր հիվանդություններ ունեն, սակայն բուժման համար միջոցներ չունենք: Պետպատվերի կրճատումը մեր երեխաների առողջական վիճակի վրա շատ վատ է անդրադառնում: Գաղտնիք չէ, որ մեր երկրում հաշմնադամների թիվն ավելացել է, ինչի հետեւանքով մեր երեխաներին ստուգման հերթ է հասնում տարին ընդամենը մեկ անգամ: Սրան գումարվել է անկանխիկ վճարումների մասին որոշումը, որը հավելյալ բարդացում է մեզ համար, ասենք՝ հաշմանդամ երեխայի հետ բանկում հերթ կանգնելը կամ եթե ԴԱՀԿ կալանք է դրել այդ ընտանիքի հաշվին: Իրենց տված գույքը, կոշիկներն էլ սարսափելի անորակ են»,- պատմեց ծնողներից մեկը:
Ծնողներն այլ խնդիրներ եւս բարձրացրեցին: Նրանց խոսքով՝ ունեն տակդիրների խնդիր, դեղորայքն անվճար չի տրամադրվում, կոնսուլտացիաներն էլ դարձել են գումարով:
«Երեխայի 18 տարեկան դառնալու ժամանակ տրամդրվող նպաստը կրճատում են: Եթե մարդը հաշմանդամ է, ուրեմն հաշմանդամ է, ի՞նչ տարբերություն 18 տարեկանից բարձր է, թե ցածր: 18 տարեկանից հետո երեխան դառնում է վճարունակ, սակայն եթե ծնողը պետք է երեխային պահի, ինքը որտե՞ղ աշխատի: Դեղերը չեն տալիս: Երեխային մեկ ամբողջական ստուգման տանելու համար նվազագույնը 60 հազար դրամ անհրաժեշտ կլինի: Պետք է պարտադիր հերթագրես երեխաներին, անգամ եթե մահամերձ է, պետք է սպասես հերթագրմանը: Եթե երեխան ստանում է 28 հազար դրամ, ծնողը չի աշխատում, դեղեր չեն տալիս, ինչպե՞ս է հնարավոր հասցնել»- նշեց մեկ այլ ծնող:
Ծնողները չկարողացան հանդիպել նախարար Անահիտ Ավանեսյանի հետ եւ իրենց ստորագրություններով նամակներ հանձնեցին ընդունարան: