
Կոտայքի մարզում, հուլիսի 10-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել. ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը Կոտայքի մարզում հայտնի «Ծռի Վարդանն էր»։