Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր բռնապետ դարձած կապիտուլյանտը հեռախոսազրույց է ունեցել հայատյաց բռնապետի հետ: Վստահ եմ, միմյանց լավ հասկացել են, ոչ մի трудности перевода չեն ունեցել, քանի որ երկուսն էլ խոսում են նույն լեզվով, այն լեզվով, որն ունի մեկ հիմնակական գաղափարական նպատակ՝ զրկել Հայաստանը սեփական ճակատագիրը որոշելու հնարավորությունից, այն հանձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճույքին:
Այս հեռախոսազրույցն երիցս ապացուցում է Թուրքիայի ամբիցիաները դառնալ որոշիչ գործոն Հարավային Կովկասում, այստեղից դուրս մղելով բոլոր այլ խաղացողներին և Հայաստանը դարձնելով Թուրքիայից կախման մեջ գտնվող մի քվազի-պետություն:
Այս հեռախոսազրույցից կարելի է եզրակացնել, որ հուլիսի 1-ին արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա երրորդ երկրների համար մուտք է լինելու, ըստ էության ոչ այլ ինչ է, քան ՄԻՋԱՆՑՔ:
Ուշագրավ է նաև այն շտապողականությունը, որը բացահայտ երևում է Թուրքիայի գործողությունների մեջ:
Այս ամենից կարելի է անել մեր համար շատ վտանգավոր հետևություն՝ սրանք արդեն Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ վերջնական համաձայնության են եկել:
Բացի դրանից, պետք է արձանագրենք, որ նույնիսկ պաշտոնական Անկարան, ի դեմս Էրդողանի, հասկանում է, որ քաղաքացի Փաշինյանը երկար չի մնա ՀՀ վարչապետ, որ կապիտուլյանտի ապագան այդ պաշտոնում խիստ մշուշոտ է, և փորձում է մաքսիմալը պոկի Փաշինյանից, քանի դեռ վերջինն իշխանության է:
Ու չհամարձակվեք զուգահեռներ անցկացնել, ասելով, թե Սերժ Սարգսյանն էլ էր Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցներ և հանդիպումներ ունենում: Այն ժամանակ մենք հաղթանակած ուժեղ պետություն էինք, որը տարածաշրջանում գործոն էր: Այն ժամանակ մենք կարող էինք Թուրքիային թելադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք չէ կախման մեջ գցել Արցախի հիմնախնդրից: Այն ժամանակ… Էհ, այն ժամանակ պետություն ունեինք»: