Սեպտեմբերի 3-ին UWC Dilijan քոլեջում տեղի ունեցավ ֆուտբոլային դաշտի պաշտոնական բացումը, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մասնակցությամբ և համապատասխանում է FIFA-ի չափանիշներին:
Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, UWC Dilijan քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանը, պատվավոր հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ UWC Dilijan քոլեջի տնօրեն Դենիզ Դևիդսոնը, ով իր երախտագիտությունը հայտնեց ՀՖՖ-ին և նրա նախագահին կրթական գործընթացում կատարած ներդրման համար:
«Դոնորների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մենք հրաշալի ֆուտբոլային դաշտ ունեցանք, որը Քոլեջի սիրտն է դարձել: Այն մեզ սպորտից հաճույք ստանալու և Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու հնարավորություն է տալիս»,- ասել է Դենիզ Դևիդսոնը:
«Ուրախ եմ տեսնել մեր սաների երջանիկ դեմքերը: Այն, ինչ տեսնում ենք այստեղ, երազանք է, որը հիանալի մարդկանց՝ մեր գործընկերների, ընկերների և համախոհների շնորհիվ է իրականություն դարձել: Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանին իր ներդրման համար. մեր քոլեջի սաների և քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- բացման արարողության ընթացքում ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Դաշտի հարևանությամբ հուշատախտակ բացվեց, որը վկայում է FIFA-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային դաշտի կառուցման գործում ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ներդրման մասին:
Բացման արարողությանը հետևեց ֆուտբոլային հանդիպումը Քոլեջի և Dilijan Community Center-ի կանանց թիմերի միջև: Ռուբեն Հայրապետյանը դաշտում ողջունեց և հաղթանակ մաղթեց թիմերին:
Լրացուցիչ տեղեկատվություն
UWC Dilijan քոլեջը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածքում UWC համակարգի առաջին գիշերօթիկ դպրոցն է: Այն բացվել է 2014թ. սեպտեմբերին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այսօր Քոլեջում ուսանում է 72 երկրներից եկած 198 երեխա:
Կրթական նախագծի գաղափարախոսներն ու նախաձեռնողները գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն են: Միջազգային դպրոցը կառուցվել է ավելի քան 200 բարերարների միջոցներով: UWC Dilijan քոլեջի բարերարներից ու հիմնադիր-գործըներներից է Գագիկ Ադիբեկյանը, ով RD Group-ի տնօրենների խորհրդի նախագահն է: