«Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի պեղումների ժամանակ 2016 թվականին գտնվել են մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի եւ աշխատանքային գործիքների մնացորդներ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը՝ առանձնացնելով հատկապես դամբարանի պեղումների ժամանակ 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջանը: «Պարզվում է, որ այդ դարերում, երբ Բագրատունիների անկումից հետո բավական ծանր իրավիճակ էր Հայաստանում, այս մեծ դամբարանները մոնղոլ-թաթարների, սելջուկների արշավանքների ժամանակ որպես գաղտնարաններ են ծառայել մարդկանց համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Փիլիպոսյանի խոսքով` Կենտրոնական դամբարանից, որը շահարկվում էր որպես աստղադիտարան, 4-ից ավելի սալեր են դուրս եկել: «Այս բոլոր գտածոները խոսում են այն մասին, որ հուշարձանը երկաթի դարի կառույց է, որի պեղումները նախատեսվում է շարունակել նաեւ 2017 թվականին»,-ասաց Փիլիպոսյանը՝ հույս հայտնելով, որ «Զորաց քարեր»-ի եւ դամբարանադաշտում, եւ բնակատեղիում առաջիկայում շատ ավելի կոնկրետ փաստեր կունենանք:
ՀՀ կառավարության 2009թ. կայացված որոշմամբ «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:
Հուշարձանը XX դ. սկզբից ժամանակ առ ժամանակ ենթարկվել է ոչ պարբերական հետազոտությունների: Այստեղ աշխատել են Ստեփան Լիսիցյանը (1920-ական թթ.), Մորուս Հասրաթյանը (1950-60-ական թթ.), Օնիկ Խնկիկյանը (1970-80-ական թթ.), Գրիգոր Արեշյանը (1980-90-ական թթ.): Նյութերի մի մասը հանձնվել է Սիսիանի երկրագիտական թանգարանին:
Հետագա տարիներին հուշարձանի տարածքում պեղումներ և ուսումնասիրություններ չեն իրականացվել, և միայն 2013 թ. ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից 2013թ. հաստատված տարեկան 3,0 մլն գումարի չափով ֆինանսավորվող «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2014 թվականից վերստին սկսվել են այստեղի պեղման և ուսումնասիրության աշխատանքները (ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբ, ղեկավար՝ պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյան): Այդ ծրագրով իրականացվում են ոչ միայն հուշարձանի պեղման և բացված տեղամասերի ծածկման, այլ նաև հուշարձանին վերաբերող նյութերի հավաքման, մշակման, պեղված տարածքի չափագրման, հայտնաբերված հնագիտական արժեքների վերականգնման ու ամրակայման աշխատանքները:
2014թ. իրականացվել են արգելոցի տարածքի (50 հա) սահմանների ճշգրտման և նշահարման աշխատանքներ, ինչի համար հատկացվել է 600.0 հազ. դրամ: Նույն տարում ցանկապատվել է արգելոցի տարածքի մի մասը՝ 1350 մ երկարությամբ: Երթևեկությունը և զբոսաշրջային ավտոբուսների երթերը կարգավորելու համար հուշարձանի պահպանական գոտու մուտքի մոտ իրականացվել են ավտոկայանատեղիի, թանգարանի շենքի և վարչատնտեսական մասի նախապատրաստման, հողի հարթեցման աշխատանքներ: