Հուլիսի 13-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշեց էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին: Լիցենզիան տրամադրվել է Լոռու մարզի Գյուլագարակ և Լոռիբերդ համայնքների վարչական տարածքում՝ Կուրթան և Ագարակ բնակավայրերում, Ձորագետի վրա 26,7 Մվտ հզորությամբ «Լոռիբերդ 2» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրութան համար: Արտադրության լիցենզիայի ժամկետը մինչև 2040թ-ի հուլիսի 14-ն է, փոքր ՀԷԿ-ի կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2025թ-ի հուլիսի 14-ը: Այս մասին հայտարարություն է տարածել «ԷկոԼուրը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀԾԿՀ-ի որոշման հիմքերից է ՀՀ վարչական դատարանի NՎԴ/3449/05/22 դատական գործով դատարանի կայացրած որոշումը հօգուտ «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի, որով դատարանը ՀԾԿՀ-ին պարտավորեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին տրամադրել «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա:
Իր հայցադիմումում ընկերությունը նշել է, որ ներկայումս ունի գործող ջրօգտագործման թույլտվություն, որի ժամկետն ավարտվում է 30.07.2022թ., հետևաբար, եթե հայցվորը չհասցնի ստանալ լիցենզիա, ապա ըստ օրենքի ջրօգտագործման թույլտվությունը կհամարվի առ ոչինչ և կհանգեցնի նորանոր խոչընդոտների առաջացման: «Նույնիսկ օրենսդրական տեսանկյունից նոր ջրօգտագործման թույլտվության տրամադրումը հնարավոր լինելու դեպքում բնության օբյեկտիվ փոփոխություններով պայմանավորված՝ իրավասու պետական մարմինը կարող է զրկված լինել նույն չափաքանակի ջրօգտագործում նախատեսող թույլտվություն տրամադրելու հնարավորությունից, ինչն ուղղակիորեն անհնար կդարձնի ներկայումս իրավաչափորեն ակնկալվող հզորությամբ ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ստանալը, քանի որ ՀԷԿ-ի հզորությունն անմիջականորեն կապված է թույլտվությամբ տրամադրվող ջրաքանակի հետ»,- նշել է ընկերությունը հայցադիմումում:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ-ին հուլիսի 30-ին կառուցման նպատակով երկու ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ) է տրամադրել «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ին, որոնց ժամկետը լրանում է 2022թ-ի հուլիսի 30-ին: Այսպիսով, Շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է իր կողմից մշակված և ՀՀ կառավարության կողմից 2021թ. ապրիլի 8-ին ընդունված «ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԲՆՈՐՈՇ՝ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՁՎԱԴՐԱՎԱՅՐԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԴԵՐԻՎԱՑԻՈՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ 40 ՏՈԿՈՍ և ԱՎԵԼԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԳԵՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 488-Ն որոշումը, որով պետք է մերժվեր Ձորագետի վրա ցանկացած նոր փոքր ՀԷԿ-ի կառուցման ՋԹ-ի հայտ:
Այս խախտմանը հետևել են այլ որոշումներ, որոնց հետևանքով ոտնահարվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 8-ի 488-Ն որոշումը: