Հունիսի 17-ին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հանրային քննարկման է ներկայացվել դասարանների կազմավորման կարգի նախագիծը, որով փորձում են լուծել տևական ժամանակ բարձրաձայնվող մի քանի կարևոր խնդիր՝ միաժամանակ այդ խնդիրների լուծումը կապելով նոր չափորոշչի ամբողջական ներդրման հետ:
«Դասարանների կազմավորման համար նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նախատեսում ենք պարտադիր դարձնել դասարաններում տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը։ Միաժամանակ մինչև այս մոտեցման ներդրմանը ընկած ժամանակը կօգտագործվի՝ դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների իրավիճակների կարգավորումները պլանավորելու համար։ Կկարգավորվի բազմահամակազմ ուսուցման դեպքում ուսուցչի վճարման հարցը հետևյալ ձևով. ուսուցիչը հավելյալ վարձատրվում է` երկու դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 50 %-ի չափով, երեք դասարանի միավորման դեպքում` դրույքաչափի 75 %-ի չափով: Քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսում ենք փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել էր Ժաննա Անդրեասյանը։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի կարծիքով՝ դասարանների միավորումը բարդություններ է առաջացնելու, քանի որ քաղաքներում լինելու են դասասենյակների խնդիրներ:
«Օրինակ, Երևանում ամեն դասարանում ունենք 35 աշակերտ. եթե պակասեցնում ենք աշակերտների թիվը, պետք է լրացուցիչ դասարաններ բացենք, սակայն բոլոր դպրոցները չէ, որ ունեն այդ հնարավորությունը: Որևէ հետազոտություն չի արվել: Հատկապես բարձր վարկանիշ ունեցող Երևանի դպրոցներում ազատ տեղեր չկան: Եթե դու 35-ը դարձնում ես 25, այդ դեպքում, օրինակ, առնվազն 10 դասարան ունեցող դպրոցը պետք է դառնա 15: Որտեղի՞ց են վերցնելու այդ դասարանները: Նոր շենքե՞ր ենք կառուցելու դպրոցներին կից:
Իսկ մարզերում հակառակ խնդիրն է. մարզերի բոլոր դպրոցները, որոնք կառուցված են եղել աշակերտների ինչ-որ թվի համար, հիմա աշակերտների թիվը պակասել է, և բազմաթիվ դպրոցներում կան ազատ տեղեր: Սակայն այնտեղ էլ դասարաններում աշակերտների թիվը 25-ից շատ չէ, որ փոքրացնեն: Այսինքն, նրանց վրա էլ որևէ ազդեցություն չի ունենա, առանց այդ էլ հազիվ 18-20 հոգի է հավաքվում յուրաքանչյուր դասարանում: Գյուղեր էլ կան, որ մի քանի հոգի են, և դասարանները միացնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Նա ընդգծեց՝ կա ևս մեկ խնդիր. 100-ից ավելի դպրոցներում կա ուսուցիչների թափուր հաստիք:
«Հիմա եթե դասարանների թիվն ավելացնում ենք, նշանակում է՝ ուսուցիչների կարիք ենք ունենալու: Սակայն այս խորապատկերի վրա տեսնում ենք, որ մանկավարժական բուհերում ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդների թիվը տարեցտարի պակասում է: Մարդիկ, ովքեր կուզեին մանկավարժ դառնալ, նրանք չկան, թիվը պակասում է: Որտեղի՞ց ենք լրացնելու ուսուցիչների թիվը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները սկզբից պետք է տալ, հետո նոր այդպիսի որոշումներ կայացնել»,- նշեց կրթության փորձագետը:
Անի Կարապետյան