Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարն այսօրվանից վերադառնում է եթեր։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ղազարյանը։ «Ես մեկնել էի արձակուրդ, արձակուրդս ավարտվել է, հիմա էլ վերադարձել եմ աշխատանքի»,- ասաց Ղազարյանը։
Մեր հարցին՝ ճի՞շտ էին տեղեկությունները, որ իր հաղորդման այս օրերի դադարը պայմանավորված էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին հյուր հրավիրելով ու նրա հիմնադրած ՔԱՔ կուսակցության անելիքները քննարկելով, Ղազարյանը պատասխանեց. «Այդ հարցերը էդ լուրերը գրողներին տվեք։ Ես նրանց գրածները չեմ մեկնաբանում։ Ինձ ասել են՝ ես վերցրել եմ արձակուրդ, արձակուրդից վերադարձել եմ մտել եթեր։ Գուցե ինչ-որ մարդիկ ինձնից շատ բան գիտեն՝ չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել։
Մեր հարցին, թե հաջորդիվ պատրաստվո՞ւմ է Սերգեյ Դանիելյանին կրկին նույն թեմայով եթեր հրավիրել, պատասխանեց. «Դե, քանի որ Սերգեյ Դանիելյանը լուրջ քաղաքական վերլուծաբան է, առանց նրա ո՞նց կլինի»։