Սթրեսի և անպտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է: Թեման մեկնաբանում Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։
Ցավոք, մենք ապրում ենք չափազանց դժվարին ժամանակաշրջանում. բարձր սթրեսային իրավիճակ, տագնապ, դեպրեսիա, էմոցիոնալ ընկճվածություն: Սակայն, որպես ազգապահպանման խնդիր, հարկ է ընդգծել նաև ծնելիության խթանմանն ուղղված ջանքերի կարևորությունը, անպտղության խնդրի լուծման առավել արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Սթրեսի և անպտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է:
Ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ՝ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման: Հորմոնի բացասական ազդեցությունը երկար ժամանակ շարունակվում է նույնիսկ սթրեսի ավարտվելուց հետո:
Ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր վիճակը կարևոր դեր ունի: Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում հանգեցնում է սերմառաջացման գործընթացի խանգարման և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների: Տուժում է նաև սեռական ֆունկցիան, երբեմն հանգեցնելով դրա բոլոր դրսևորումների խաթարման (Էրեկցիա, էյակուլյացիա, սեռական ցանկություն):
Կանանց օրգանիզմում խանգարվում է դաշտանային ցիկլի հորմոնալ կարգավորումը՝ ինչը կարող է հանգեցնել ձվազատման արգելակման, արգանդում սաղմի ներդրմանը: Սթրեսը նաև պատճառ է հանդիսանում արգանդի գերտոնուսի և արգանդափողերի սպազմի՝ բերելով ռեպրոդուկտիվ համակարգի խիստ բացասական հետևանքների։
Դրան զուգահեռ խանգարվում է նյութափոխանակությունը, մարսողությունը, նյարդային համակարգի գործունեությունը, արձանագրվում է էմոցիանալ հյուծվածություն:
Ինչպե՞ս նվազեցնել սթրեսի ազդեցությունը օրգանիզմի վրա. խորհուրդ է տրվում.
․մաքուր օդում զբոսանքներ
․ձեզ համար հաճելի մարդկանց հետ շփումներ
․ֆիզիկական ակտիվություն, լող
․որոշ բուսական հանգստացնող թուրմերի օգտագործում
․մեդիտացիա
․յոգա
․ինքնամարզում՝ աուտոթրեյնինգ
․հնարավորինս խուսափել բացասական ինֆորմացիայից
․առողջ և բալանսավորված սննդակարգ։
Իրականում այս բոլոր խորհուրդների և բժշկի հետ համատեղ բուժման արդյունքում է հնարավոր արդյունավետ հաղթահարել անպտղության խնդիրը: