Աշխարհաքաղաքական զարգացումները թևակոխել են հարափոփոխ և հստակ ուղեծիր չունեցող շրջափուլ, որպիսի պարագայում հեռատես, ամենակարևորը՝ լրջմիտ պետական վեկտոր ունեցող պետական ռեժիմները ջանք չեն խնայում՝ եթե ոչ շահած, գոնե վնասված ու ջախջախված դուրս չգալու համար։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: «Մեր հարևան երկրների ողջ քաղաքական ներուժը վերածվել է մի բռունցքի և հետևողականորեն զբաղված են հետագա զարգացումների համար շահեկան պլատֆորմ ստեղծելու հրամայականով։ Անգամ հակառակորդների անբարենպաստ պաշտոնական հայտարարությունները թարգմանում և տարածում են իրենց համար շահեկան կեղծ բովանդակությամբ, ինչն արվեց, օրինակ՝ Հայ-Իրանական սահմանի առնչությամբ իրանական կողմի իմպերատիվ հայտարարության պարագայում։
Քիչ, թե շատ գրագետ մտավորականները ուղղակի ամենօրյա ռեժիմով արտասահմանյան եթերներում հարցազրույցների ու դեբատների մեջ են, ամրացնում են իրենց ավանտյուրիստական գաղափարները, որի առանցքը հետևյալն է. «Հայաստանում հասկացել են, որ պետք է Վրաստանի օրինակով լուռ վերադառնան մայր Թուրքիայի կազմ, որտեղից սխալմամբ դուրս են եկել 200 տարի առաջ», իսկ հակադարձող չկա։
Մենք ինչո՞վ են զբաղված։ Այսքանից հետո որոշ ընկերներ դիմում են «թիթեռ նկարելու» ոճի մեջ ժամը 7-ին մարդկանց հանգիստը համատարած խաթարելու նախաձեռնության իրավաչափությունը իբր մեկնաբանելու հարցով, արդեն հասկանում ես, որ հայտնվել են անտառում կողմնացույց չունեցող տուրիստի դերում և տրվել են միջատներ ուսումնասիրելու երջանիկ զբաղմունքին։ Շարունակեք, զբաղվել, միմյանց ծաղրել, անարգել հետապնդել, բայց գոնե մեզ մի ներքաշեք այդ դատարկաբանության մեջ…»: