Հուլիսի 24-ին՝ ժամը 18.41-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 18.30-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր անհայտ անձը: Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 16.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգու հատվածում ջրելու հարցի շուրջ վիճաբանություն էր եղել 17-ամյա պատանու և վանաձորցի 25-ամյա երկվորյակ եղբայրների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող առարկայով խփել էր պատանուն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին եղբայրները հայտնաբերվել, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Մարմնական վնասվածք պատճառողը ձերբակալվել է: