Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ «կենսաթոշակային բարեփոխումը» նախաձեռնում և իրականացնում է կենտրոնական բանկը։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Միֆ 3․ Պարտադիր կուտակայինը ներդրվել է թոշակառուների համար
Համաշխարհային պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ «կենսաթոշակային բարեփոխումը» նախաձեռնում և իրականացնում է կենտրոնական բանկը։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունության ապահովումն է։ Հետևաբար, ԿԲ-ի թիմն այս համակարգի կիառմամբ այլ նպատակ էր հետապնդում։
Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումները սկսվել են դեռ 2000-ականների սկզբին։
2005 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության թիվ 666-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները։
Կառավարության կողմից հաստատված փաստաթուղթը սահմանում է, որ «վերափոխումները չպետք է բերեն հաջորդ սերնդի հարկային բեռի և պետական պարտքի անկայունության։ Սա ենթադրում է, որ հարկային դրույքների որևէ բարձրացում անթույլատրելի է, այդ թվում՝ վերափոխման ներքո թողարկված պարտքի հետագա սպասարկման հետ կապված»։
2006 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» թիվ 796-Ն որոշմամբ հաստատվում է համապատասխան հայեցակարգը։ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչում թիվ 666-Ն որոշումը և օրենսդրական փաթեթի կազմումը վերապահում ոչ թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (ինչպես նախորդ որոշմամբ էր), այլ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։
ԿԲ-ի սույն նախագծի իրականացման հիմնական նպատակը ոչ թե կենսաթոշակային խնդիրներն էին, այլ ֆինանսական շուկայում երկարաժամկետ փողերի ստեղծումը։ Հետագայում այդ ամենը ապացուցվեց փաստերով, մասնավորապես՝ պարտադիր կուտակային ֆոնդերի կառավարիչները հանրությունից հավաքած գումարները ներդրեցին բանկերում ավանդի տեսքով կամ ձեռք բերեցին ֆինանսաբանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսեր։ Արդյունքում՝ այդ կազմակերպություններն ունեցան երկարաժամկետ և ցածր տոկոսներով փոխառու միջոցներ։
Դեռ այդ շրջանում Կենտրոնական բանկի կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխման էությունը միանշանակ չի ընդունվել գործադիրում և հանրության կողմից։ Սա նաև այն եզակի դեպքերից էր, երբ 2006 թվականին կառավարության դաշնակցական սոցապ նախարար Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեց իր համակարգած ոլորտին առնչվող հարցին։
Հետաքրքրական է, որ նոր բարեփոխումներին ընդդիմանում էր նաև հանրային հատվածը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին իսկ հրապարակային քննարումներից սկսեցին քննադատել ներկայացվող առաջարկությունները։ Այդ ժամանակահատվածում բարեփոխումները նախաձեռնող և իրականացնող թիմը ցանկություն էր հայտնել հնարավորության դեպքում այն ընդունել մինչև 2007 թվականի մայիսյան խորհրդարանական ընտրությունները` պատճառաբանելով, որ հայտնի չէ, թե ինչպիսի վերաբերմունք կարող է ունենալ նոր Ազգային ժողովը ոչ ժողովրդական նախագծի նկատմամբ։
Լինելով զգայուն ոչ միայն մասնագիտական, այլ նաև քաղաքական տեսակետից, բարեփոխումների սկիզբը հետաձգվեց 2007 և 2008 թվականները, իսկ այնուհետև նաև՝ 2012 և 2013 թվականների ընտրությունների պատճառաբանությամբ։ Անշուշտ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգման վրա էապես ազդել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, ով ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համոզված չէր այս համակարգի արդյունավետությամբ և սոցիալական բաղադրիչով։
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը և օրենսդրական փաթեթի ընդունման աշխատանքները մեծ թափ ստացան 2008 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններով պայմանավորված Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, որն ամբողջությամբ ազատեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցների ձեռքերը։
Առկա խնդիրների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ունենալու համար առաջարկում եմ ծանոթանալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» թիվ 6 վերլուծությանը https://bit.ly/2J8FHh4)»,- ասվում է գրառման մեջ։