Արդեն 2 օր է ամենատարբեր աղբյուրներով շրջանառվում է Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողների վերջին զորակոչը շտապ զորացրելու մասին լուրերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ ՀՀ-ից Արցախ վերջին անգամ զորակոչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի ձմռանն անցկացված զորակոչին, ՀՀ-ից Արցախ այլևս մեկնում չի եղել։
Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Արցախում զորացրվելու էին ՀՀ-ից դեռ 2 տարի առաջ զորակոչված մեր տղերքի վերջին խմբերը, սակայն Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել։
Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ՝ Լաչինի միջանցքը փակելու հարցում, բացի իր քաղաքական առաջնահերթությունները իրացնելուց, Ադրբեջանն ամեն ինչ անում է ՀՀ իշխանությանը մինչև վերջ ստորացնելու համար։
Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ, ինչ փաստաթղթի հիման վրա»։