Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN):
Կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Մայքրոսոֆթ Հայաստանը՝ Մոնիտիսի և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, մրցույթը, որի նպատակն է բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում, կկայանա փետրվարի 4-ին, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում:
Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն: Capture the Flag -ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ընդունվում են թե անհատական, թե թիմային մասնակցության հայտեր: Լավագույն մասնակիցները կարժանանան մրցանակների: