Երբ դոլարը բարձրանա՝ մտավախություն կա, որ ապրանքների գները ևս շատ կբարձրանան. Կարեն Չիլինգարյան
Advertisement 1000 x 90

Երբ դոլարը բարձրանա՝ մտավախություն կա, որ ապրանքների գները ևս շատ կբարձրանան. Կարեն Չիլինգարյան

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. հուլիսը 2021թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 9.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.4% գնանկում:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 4.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում (այդ թվում՝ մայրաքաղաքում) 2022թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 5.1-3.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Իջևանում:

2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է լոբու՝ 3.2 %, բրնձի՝ 12.7%, հնդկացորենի՝ 28.6%, ոսպի՝ 31.8%, գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար՝ 1.1%, 0.5%, 1.0%, 1.4% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 7.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնանկում: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 18.0%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ աճել է 0.4%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.7% գնանկում: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 2.5% գնաճ, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնանկում: Միաժամանակ, 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հացի և մակարոնեղենի գներն աճել են 21.2% և 31.3%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.2 և 1.5%-ով: Խոզի և տավարի մսերի գները 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 7.1%, և 20.0%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 3.7%-ով: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի՝ 26.2%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 1.0% գնաճ: Ձվի գինը 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ նվազել է 20.1%-ով, իսկ 2022թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.7% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ արձանագրվել է՝ 0.9%, իսկ 2022թ. հունիսի համեմատ՝ 33.7% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.3-1.2% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3%-ով: 2022թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.8% գնաճ և դիզելային վառելիքի 0.4% գնանկում: 2022թ. հուլիսին 2021թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 11.6% և 43.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 2.9% և 32.8%-ով:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ օրինակ, կաթնամթերքի պարագայում 20-25 տոկոս թանկացում կա՝ համեմատած նախորդ տարվա հետ: Խոսքը մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածի մասին է:

«Կաթնամթերքի թանկացումը պայմանավորված է մի շարք պատճառներով. դրանցից մեկն անասնագլխաքանակի նվազումն է: Մյուսը գնաճն է նաև դրսում, չէ՞ որ կաթնամթերքը միայն տեղական կաթով չի պատրաստվում: Օգտագործվում է նաև ներկրվող կաթնափոշի, որը թանկացել է՝ ռուս-ուկրաինական հակամարտության, տեղափոխման ժամանակ առաջացող խնդիրների արդյունքում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքում ու մարզերում գնային տարբերություններին՝ նշեց, որ դա կախված է մի շարք հանգամանքներից:

«Օրինակ, մսի պարագայում մարզում կամ գյուղում եթե մորթը շատ է լինում՝ գինն էժանանում է»,- նշեց նա:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահի դիտարկմամբ՝ թանկացումների վրա որոշակի ազդեցություն ունեն փոխարժեքի գնային տատանումները:

«Դոլարը մեզ մոտ 485 դրամ էր, իջավ, բայց երբ բարձրանա՝ մտավախություն կա, որ ապրանքների գները ևս շատ կբարձրանան»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Անի Կարապետյան

168.am