«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանն աշխատում էր կենտրոնում։ Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։
«Ծառայել ու պատերազմել ենք Մարտակերտում՝ սկզբից մինչեւ վերջ։ Վաչագանը շատ հանգիստ, կատակասեր ու հասուն տղա էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչագանի ծառայակից ընկերը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։
Վաչագանը զբաղվում էր բռնցքամարտով, ապրում Շենգավիթ համայնքում։
Ավելի վաղ, Վաչագանի ազգականը դեպքի վայրից՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, պատմել էր, որ պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել, նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գա։ Դրանից հետո Վաչագանի հետ կապը կորել էր։