aravot.am–ը գրում է․ Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնի վարչական շենքից 2019թ․ մայիսից 116 քմ վարձակալած «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն:
Համաձայն ՊԵԿ-ի՝ ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի դեմ 2021 թվականին խաղալիքների ներկրմամբ զբաղվող «Մաթթել ինք» ընկերությունը քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ պահանջելով «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ին պարտավորեցնել դադարեցնել ապրանքային իրենց նշանի ապօրինի օգտագործումը: «Մաթթել ինք» ընկերությունը ՀՀ-ում հանդիսանում է «UNO» ապրանքային նշանի իրավատերը, «UNO» ապրանքային նշանի պատկերն օգտագործվում է նաև թղթախաղերի վրա:
«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ–ն փորձել է ներմուծել Հայաստանի Հանրապետություն «UNO» ապրանքային նշանի պատկերը կրող թղթախաղերը։ «Մաթթել ինք» ընկերությունը «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ–ին թույլտվություն չի տվել օգտագործելու իր ապրանքային նշանը։
Դատալեքսից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է «Մաթթել ինք» ընկերության հայցն ընդդեմ «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ի` ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու պահանջի մասին: Արգելվել է «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ–ին ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը, «UNO» ապրանքային նշանը կրող ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
«Մաթթել ինք» ընկերության ներկայացուցիչ Արմինե Ավետիսյանը մեր զրույցում հայտնեց, որ դատական նիստերի ժամանակ պատասխանող Գոհար Առաքելյանը դատարանին հայտնել էր, որ իր ԱՁ-ն ակտիվ չի գործում, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում գտնվող իրենց տաղավարն էլ հրդեհի պատճառով վնասվել է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: