Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող, կեղծում են․ fip.am
Advertisement 1000 x 90

Կաթողիկոսը «Սուրմալուի» պայթյունից անմիջապես հետո ցավակցական ուղերձ է տարածել. կայքերը, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող, կեղծում են․ fip.am

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 16-ին, քաղաքական իշխանության հետ կապ ունեցող որոշ կայքեր տեղեկություններ են տարածել, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «կորել է» և որևէ ցավակցական խոսք չի ասել։

«Կորել է, չկա Գարեգին Բ-ն»,- գրել է medianews.site կայքը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։

Նույն բովանդակությամբ նյութ է հրապարակել նաև mediaroom.am կայքը։ Եվս մեկ՝ անհայտ ծագման կայք՝ hayfanat.ru-ն, նույն տեքստով արդեն օգոստոսի 17-ին տեսանյութ է տարածել՝ 7000-ից ավելի դիտում ապահովելով։

«Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվում է սուգ։ Իսկ ու՞ր է կորել ազգի հոգևոր հայրը»,- գրում են կայքերը։

Տարածվող նյութը ապատեղեկատվություն է, քանի որ հենց պայթյունի օրը՝ օգոստոսի 14-ին, կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։

«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը: Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»,- իր ուղերձում նշել է կաթողիկոսը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ կայքերը ակնհայտ կեղծ տեղեկություն են տարածել՝ պնդելով, թե Գարեգին Երկրորդը ողբերգական պատահարից հետո «իր խոսքը չի ասել»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, 62 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 2 հոգի համարվում է անհետ կորած։

Նելլի Լազարյան

fip.am