Տեխասի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ անընդհատ նորությունները ստուգելու մոլուցք ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում սթրեսից, անհանգստությունից եւ ֆիզիկական հիվանդություններից: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Health Communication ամսագրում։
Գիտնականները վերլուծել են 1100 չափահաս ամերիկացու առցանց հարցման տվյալները նորությունների եւ առողջության նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 16.5 տոկոսի մոտ լուրերից կախվածության ծանր ձեւի նշաններ են եղել։ Այդպիսի մարդիկ այնքան էին խորասուզվել լրատվական օրակարգի մեջ, որ չէին կարող չմտածել լուրերի մասին։ Դա խաթարել էր նրանց քունը, ընտանիքի հետ հարաբերությունները, խանգարել էր նրանց կենտրոնանալ ուսման կամ աշխատանքի վրա եւ նպաստել էր անհանգստությանը:
Նրանցից շատերը (73 տոկոս) հոգեկան խանգարումներ են ունեցել, իսկ 61 տոկոսը՝ ֆիզիկական հիվանդություններ։ Հետազոտողների կարծիքով՝ հանրության շրջանում պետք է քարոզչություն տարվի լուրերից կախվածության դեմ։ Գիտնականները նաեւ կարծում են, որ իրավիճակը սրում են նաեւ ԶԼՄ-ները, որոնք նախընտրում են բացասական լուրեր թողարկել։