Հնդկաստանի և շատ այլ երկրների աղքատ մարդկանց համար համակարգչային ծրագրերի մի ինժեներ գտել է առանց ճառագայթման կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերելու նոր եղանակ:
2007թ., երբ Միհայր Շահը պատրաստվում էր ամուսնանալ, դրանից քիչ ժամանակ առաջ իր ապագա զոքանչի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին: Նա քիմիաթերապիա անցավ ու ողջ մնաց, իսկ հարսանիքին կեղծամ է կրել:
Թեև Մ. Շահի ընտանիքի կանայք, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, ի վիճակի էին կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն անցնել, բայց նա այդ ժամանակ սկսեց խորհել այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք ֆինանսական խնդիրների պատճառով ի վիճակի չեն այդ հետազոտություններն անցնել։
Այս զարգացող աշխարհում կանանց ավելի քան 90 տոկոսը չի կարողանում կրծքագեղձի քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերել: Պատճառներից մեկն այն է, որ մամոգրաֆիան, և առհասարակ՝ ժամանակակից հետազոտության մեթոդները հազվադեպ են կիրառվում` դրանց թանկ լինելու և փորձառու ռենտգենաբանների պակասի պատճառով: Հնդկաստանում յուրաքանչյուր 100.000 մարդուն հասնում է մեկ ռենտգենաբան, ԱՄՆ-ում՝ 12:
Կան նաև նյութատեխնիկական ապահովման խնդիրներ, ինչպիսիք են՝ էլեկտրաէներգիայի պակասը և վատ ճանապարհները: Շատերը չգիտեն քաղցկեղի մասին: Արդյունքում՝ հիվանդները բուժման են դիմում հիվանդության արդեն սրված՝ ավելի խորացված շրջանում: Եվ շատ հաճախ մահն արագ վրա է հասնում:
Միացյալ Նահանգներում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսն ապրում է հինգ տարի, Հնդկաստանում՝ 66 տոկոսը, Ուգանդայում՝ միայն 46 տոկոսը: Ամեն տարի ավելի քան 70.000 հնդիկ կին մահանում է կրծքագեղձի քաղցկեղից, ավելի շատ, քան որևէ այլ երկրում:
Վիճակագրական նման տվյալները համակարգչային ծրագրերի ինժեներ Մ. Շահին խնդրի առջև կանգնեցրին. արդյոք հնարավո՞ր է հետազոտել կանանց կրծքագեղձի քաղցկեղը առանց մամոգրաֆիա անցնելու:
Նա գիտեր, որ ինչպիսի սարքավորում էլ ստեղծեր, դա օգտակար կլիներ առողջապահության ոլորտի աշխատակիցներին, այդ թվում՝ զարգացող երկրներից շատերի առողջապահական համակարգերին: Դա լինելու էր մարտկոցով գործող շարժական սարքավորում: Եվ հետազոտությունը պետք է լիներ մատչելի ու անցավ:
Դրեքսել համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտություն ֆակուլտետի, Ֆիլադելֆիայի համալսարանի գիտության և առողջապահության համակարգերի կողմից ուսումնասիրված նոր կերամիկական սենսորային սարքերի ստեղծման տեխնոլոգիայի կիրառմամբ կրծքագեղձի հյուսվածքների մեջ աննշմարելի շեղումներ հայտնաբերելու նպատակով Մ. Շահը և նրա գործընկեր Մեթյու Քեմփիսին ստեղծել են iBreastExam մարտկոցով գործող անլար սարքավորումը, որը գրանցում է կրծքի առաձգականության շեղումները: Դա ձեռքի սարքավորում է և բուժաշխատողներին թույլ է տալիս կրծքի հետազոտությունը կատարել 5 րոպեում՝ ցանկացած վայրում: Դա անցավ է և առանց ճառագայթման, հետազոտության արդյունքները կարելի է ստանալ հետազոտությունից րոպեներ անց բջջային հավելվածի միջոցով, որը նույնպես գրանցում է հիվանդների տվյալները:
2015 թվականին Շահը Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկության ֆակուլտետի կլինիկական ճառագայթաբանության դոցենտ, դոկտոր Բրայան Ինգլանդերին խնդրեց գնահատել iBreastExam սարքավորումը: Դոկտոր Ինգլանդերը սկզբում կարծեց, որ տեխնոլոգիան չի գործի:
«Մամոգրաֆիան է բուժսպասարկման չափանիշը,- ասաց նա,- մենք թերահավատորեն ենք մոտենում այն ամենին, ինչը դուրս է դրանից»:
Սակայն նրա կասկածները շուտ փարատվեցին: «World Journal of Surgical Oncology» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը եզրակացրել է, որ սարքավորումը բարձր զգայունություն է ցուցաբերել, այսինքն՝ այն կարողացել է ճշգրտորեն հայտնաբերել հիվանդների կլինիկորեն նշանակալի վնասվածքները:
«Ես հույս ունեմ, որ iBreastExam-ի նման սարքավորումը կընդունվի Միացյալ Նահանգներում, քանի որ կան վայրեր, որոնք չունեն կրծքագեղձի քաղցկեղ հետազոտելու հնարավորություն»,- ասել է դոկտոր Ինգլանդերը:
Դոկտոր Ինգլանդերը խոսում է Միացյալ Նահանգներում ապրող այն կանանց մասին, որոնք հրաժարվում են մամոգրաֆիա անցնել, որովհետև վախենում են ճառագայթումից կամ չունեն ռենտգենաբանների մոտ հետազոտվելու հնարավորություն, նաև այն միլիոնավոր կանանց մասին, որոնք, մի շարք պատճառներից ելնելով, պարզապես նախընտրում են չանցնել մամոգրաֆիա: Դա հենց այն բացն է, որի լրացումը դոկտոր Ինգլանդերը պայմանավորում է iBreastExam սարքավորումով:
Ձմեռային մի օր Հարավային Հնդկաստանի Կառնատակա նահանգի Հեննագարա գյուղի կանայք տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի մոտ հսկայական հերթ էին գոյացրել։ Առողջապահության աշխատակիցներից կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի անցկացվող անվճար հետազոտության մասին իմանալուց հետո կանայք դուրս էին եկել հարևան գյուղերից: Այն իրականացվել է Biocon Foundation հիմնադրամի կողմից, որը Հնդկաստանի մի քանի ոչ կառավարական կազմակերպություններից մեկն է, որն աղքատների համար քաղցկեղի անվճար հետազոտություններ է անցկացնում: Կանանցից շատերն առաջին անգամ էին լսում քաղցկեղի մասին և առաջին անգամ էին հետազոտվելու հնարավորություն ունենում:
65-ամյա Մունիալլամման պառկեց բուժական պատգարակի վրա iBreastExam-ով հետազոտվելու համար: Առողջապահության աշխատակից Վեդա Քընը մի ձեռքում պահել էր սպիտակ և վարդագույն սքաները, մյուս ձեռքում՝ բջջային հեռախոսը: Նա սքաներով հետազոտեց կրծքագեղձի չորս քառորդակները: Սարքավորումն անլար հաղորդակցության միջոցով կապված էր բջջային հեռախոսին՝ տվյալ պահին ստացված արդյունքները ցուցադրելու և պահպանելու համար: Կանաչը նշանակում է՝ կրծքագեղձի հյուսվածքները նորմալ են, իսկ կարմիրը, որ վնասվածք է հայտնաբերվել, ինչն էլ նշանակում է՝ մոտակա հիվանդանոցում խորացված հետազոտություն անելու կարիք կա:
Ընդամենը մի քանի րոպե անց Մունիալլամման, որ միայն իր անունն էր նշել, ստացավ արդյունքները. նա առողջ էր: «Ամեն ինչ լավ էր,- ասաց նա,- խնդիրներ չառաջացան, նույնիսկ չէր ցավում»:
Նախքան Մունիալլամման կհեռանար առողջության առաջնային պահպանման կենտրոնից, Վեդա Քընը սովորեցրեց նրան՝ ինչպես ինքնուրույն հետազոտել կրծքավանդակը, և ներկայացրեց կրծքագեղձի քաղցկեղի մի քանի ախտանիշներ, ինչպես, օրինակ, պտուկի խանգարումը և այտուցված գեղձերը:
Սարքավորումը ներկայումս օգտագործվում է Մեքսիկայում, Նեպալում, Մյանմայում, Ինդոնեզիայում, Օմանում և Բոտսվանայում: Առաջիկա 12 ամիսների ընթացքում նրա ստեղծողները նախատեսում են տարածել այն Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի երկրներում:
Առողջապահության ոլորտի աշխատակցին iBreastExam-ի օգտագործման պատրաստման համար չորսից ութ ժամ է պահանջվում: Առողջապահության ոլորտի յուրաքանչյուր աշխատակից նախքան հավաստագիր ստանալը թեստավորում է անցնում:
Մեքսիկայի ռազմածովային նավատորմն իրականացրել է այդ սարքավորումով թվով 140 հազար կանանց հետազոտելու ծրագիր: Դեղագործական ընկերությունների կողմից ստեղծված հիմնադրամները նույնպես հովանավորում են iBreastExam-ը: Pfizer հիմնադրամը փորձնական մի ծրագիր է հովանավորում Մյանմայում կանանց հետազոտելու համար, իսկ Bayer Cares հիմնադրամը հովանավորում է հետազոտությունը Բրազիլիայում:
Յուրաքանչյուր սքանավորում արժե 1-4 դոլար, կախված նրանից, թե քանի սքանավորում է ստանում այցելուն: Հնդկաստանում մամոգրաֆիան արժե առնվազն 20 դոլար:
iBreastExam-ը նախատեսված չէ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար: Մասնագետները համամիտ են, որ սարքավորման գլխավոր նպատակն արյան սովորական անալիզն է: Սակայն այժմ այն կարող է կյանքեր փրկել և արմատապես փոփոխել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության մեթոդներն այլ երկրներում: «Այժմ ամենակարևորը հասանելիությունն է»,- ասում է պարոն Շահը: «Նորարարությունը նույնքան լավ է, որքան և մատչելիությունը»:
Nytimes.com-ից հրապարակման պատրաստեց Նվարդ Հովսեփյանը