Օգոստոսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:30–ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Աղնջաձոր համայնքի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 25 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնւթյունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգբնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ :
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան սահմանազատել տարածքը և քաղաքացիների հետ վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Մինչ վթարի վայրում քննչական խումբն աշխատում էր, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 3 ամսական տղան գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի փաստով քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը նրանց երեխաներն ու ազգականները:
Քննիչի հանձրարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: