Ավստրալիայի Էդիթ Քոուանի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ ուժի աճի համար ավելի նպատակահարմար են թեև կարճատև ու պարզ, բայց կանոնավոր վարժությունները, քան հազվադեպ արվող երկարատև մարզումները: Ավելի վաղ նրանք նույնիսկ ապացուցեցին, որ մարզումների տևողությունը կարևոր չէ՝ բավական է մարզվել օրական ընդամենը երեք վայրկյան, որպեսզի մարմինը ստանա համապատասխան ծանրաբեռնվածություն։
Այս անգամ գիտնականները համեմատել են երկարատև ու կարճատև մարզումները գիտափորձի շրջանակներում: Որպես հիմք ընտրվել է բազկի երկգլուխ մկանների համար նախատեսված վարժությունը, որի ժամանակ մարզագնդերը (հանտելները) արագորեն բարձրացվում են ուսի մոտ, իսկ հետո դանդաղ իջեցվում: Առաջին թիմը կատարում էր վարժությունը հինգ օր անընդմեջ վեց կրկնությամբ, իսկ շաբաթվա մնացած երկու օրերը հանգստյան էին: Երկրորդ խումբը կատարում էր վարժությունը շաբաթը մեկ անգամ վեց կրկնությամբ, իսկ երրորդ խումբը՝ շաբաթը մեկ անգամ 30 կրկնությամբ։
Փորձը տևել է մեկ ամիս, և ըստ դրա արդյունքների՝ երկրորդ խմբի մասնակիցների մոտ ոչ մի փոփոխություն չի գրանցվել։ Երրորդ խմբում մկանները ծավալով աճել են 5,8%-ով, սակայն ուժի ավելացում չի եղել։ Առաջին խումբը ցույց է տվել լավագույն արդյունքը, այն ունեցել է և՛ մկանային զանգվածի աճ, և՛ ուժի աճ 10%-ով։
Այստեղից ավստրալացի գիտնականները եզրակացրեցին, որ կանոնավոր, թեև պարզ ու կարճատև մարզումները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան հազվադեպ, բայց երկարատև մարզումները: Իհարկե, նման մարզումները թույլ չեն տա սպորտային ռեկորդներ սահմանել, բայց որպես մկանները լավ մարզավիճակում պահելու, ծերացման պատճառով դրանց դեգրադացիան կանխելու մեթոդ՝ շատ հարմար են։