Ամեն անգամ, երբ այսօրվա իշխանամերձ մարդիկ, տարբեր տրամաչափի սպաներ ու տարատեսակ պաշտոնյաներ իրենց մորթապաշտությունն արդարացնում են նրանով, որ «այլ տարբերակ չունեին», ես հիշում եմ փառահեղ «Երկնային արքայություն» ֆիլմից մի դրվագ, երբ Երուսաղեմի արքան զրուցում է բարոնի որդու հետ ու էս խոսքերն ասում. «Թագավորը կարող է քեզնից հնազանդություն պահանջել, իսկ հայրդ, որ ենթարկվես իրեն։ Բայց հիշիր, անկախ նրանից, թե ով է տիրակալդ, միայն դու ես պատասխանատու քո հոգու համար։ Երբ Տերը քեզ կկանչի իր մոտ, դու չես կարող ասել, որ կուրորեն հրաման ես կատարել՝ չմտածելով հետևանքների, պատվի ու առաքինության մասին։ Հիշիր սա»։
Սա բոլորը պետք է հիշեն։ Ոչ մեկս անմահ չենք, ու վաղ թե ուշ պատասխան ենք տալու մեր մեղքերի համար։ Ու այդժամ ձեր արդարացումներն էլ ձեր պես թշվառ են լինելու, որովհետև դուք այսրոպեական փառքի ու արնահամ փողի դիմաց վաճառեցիք ձեր հոգին։ Դուք երկրային կյանքում կարաք խույս տաք պատասխանատվությունից, կարող եք խուսափել ասել, թե ինչու կանգնեցիք հազարավոր մահերի ու հայրենազրկման պատասխանատուի կողքին։
Երկնային արքայությունում այդ հնարավորությունը դուք չեք ունենալու։