asekose.am-ի փոխանցմամբ՝ Էրեբունի փողոցում գտնվող «Երևան Սիթի» մտնողները, թերևս, ճիշտ կլինի անձրևանոցներով առևտուր անեն: Տանիքից արդեն երկու ամիս ջուր է կաթում, որի դեմ «Երևան Սիթի»-ի ղեկավարությունը պայքարում է միայն հատակին դույլեր ու այլ տարաներ դնելով, ինչպես նաև անձրևոտ եղանակներին ու հալոցքների ժամանակ հավաքարարներին տարածքն անդադար մաքրել տալով:
Տարածքի տերը, ումից վարձակալում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» ընկերությունը, հրաժարվում է նորոգել տանիքը, Սամվել Ալեքսանյանը նույնպես նորոգման աշխատանքներ չի կատարում ու տարածքի բնակիչներից նրանք, ովքեր դեռ չեն հրաժարվել այստեղ առևտուր անելուց, շարունակում են գնումներ կատարել թրջվելով: Ի դեպ, ըստ երևույթին, թրջվում են ոչ միայն առևտուր անողները, այլ նաև այն՝ ինչ վաճառվում է ու, թերևս, շարունակվում է վաճառվել նաև թրջվելուց հետո:
Սամվել Ալեքսանյանը մտադիր է «Երևան Սիթի»-ն տեղափոխել ներկա սուպերմարկետի հենց դիմացի մայթում կառուցվող տարածք, որի շինարարության ավարտի կոնկրետ ժամկետները հայտնի չեն: Ըստ ասեկոսեների, Էրեբունի փողոցում գտնվող «Երևան Սիթի» տարածքը պատկանում է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից Հովհաննես Զանազանյանի ընտանիքին: