«Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակումից հետո բազմաթիվ ծնողներ առայսօր որևէ տեղեկություն չունեն իրենց ծառայող որդիներ մասին։ Պաշտպանական գերատեսչությունը ևս մինչև հիմա որևէ տեղեկություն չի հաղորդել ոչ նրանց գտնվելու վայրի և ոչ էլ կարգավիճակի մասին։ ՊՆ-ից իրենց զավակների մասին ինֆորմացիա տրամադրելու, որոնողական աշխատանքներ կատարելու պահանջով մի խումբ ծնողներ այսօր պաշտպանական գերատեսչությունում էին։
Անահիտ Ասատրյանը (անուն-ազգանունը փոխված է) որդուց վերջին անգամ զանգ ստացել է սեպտեմբերի 13-ին՝ երեկոյան 17 ։30-ի հատվածում։
«Զանգ թողեց, հայրը հետ զանգեց, էլ չպատասխանեց, արդեն անհասանելի էր։ Իր հետ դիրքում եղած տղաների պատմելով՝ մարտ են վարել իրար հետ՝ որքան հնարավոր է եղել, հետո ցատկել են փշալարից էս կողմ ու դրանից հետո տղայիս չեն տեսել, չեն իմանում՝ ինչ է եղել իր հետ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց տիկին Անահիտը։
Սեպտեմբերի13-ից անհետ կորած համարվող զինծառայողի մայրը գրեթե համոզված է, որ որդուն ադրբեջանցիները գերեվարել են։ Այդ կասկածը հիմնավորող նյութերը՝ մասնավորապես տեսանյութը, արդեն փոխանցվել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակին, բայց այնտեղից էլ առայժմ որևէ լուր չեն ստացել։
Անահիտի որդին շուրջ 1.2 տարվա ծառայող էր. ընտանիքի մինուճար որդին է։
Մոր պատմելով՝ ադրբեջանցիները որ հարձակվել են, որդին դիրքում է եղել։ Իր հետ մարտ վարած մյուս տղաները, նրա խոսքով, փրկվել են, իսկ որդուն, ըստ ամենայնի, թշնամին գերեվարել է դիրքը վերցնելուց հետո»։