NEWS.am-ի հետ զրույցում Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանն ասաց, որ Էդվարդը ծառայում էր Վայքում, իսկ ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 13–ին սկսած հարձակումից հետո, տեղափոխվել էր Ջերմուկ եւ մասնակցել ռազմական գործողություններին։
Էդվարդն ընտանիքի կրտսեր որդին էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։
«Խելացի, դաստիարակված, համեստ ու շատ հարգված տղա էր։ Մեծ ցավ ենք ապրում»,– ասաց Նվարդ Բարսեղյանը։
Էդվարդ Հովհաննիսյանն ընդունվել էր Հայաստանի եվրոպական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարում ֆակուլտետի Ֆինանսներ բաժինը եւ անմիջապես հետո զորակոչվել բանակ։
Էդվարդի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 13:00-ին, Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ագրեսիայի հետևանքով կա 3 զոհ: