Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող Արդարադատության ակադեմիայի տարածքում փլուզում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սարգիս Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արման Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Հրանուշ Խաչատուրյանը։
Պարզվել է, որ Արդարադատության ակադեմիայի հարակից շինհրապարակում տեղի է ունեցել հողաշերտի և հսկայական և ապառաժ տուֆ քարերի փլուզում, ինչի հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարսպի մի հատված, կոտրվել նստարաններ, առաջացել են վտանգ ներկայացնող ճաքեր։
Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։