Մասկը ներկայացրել է Tesla Optimus մարդանման ռոբոտի առաջին նախատիպը, որը հետագայում կփոխարինի մարդկանց որոշ ոլորտներում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մասկը ներկայացրել է Tesla Optimus մարդանման ռոբոտի առաջին նախատիպը, որը հետագայում կփոխարինի մարդկանց որոշ ոլորտներում

Tesla AI Day 2022 շնորհանդեսի շրջանակներում ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է նաև Tesla Optimus մարդանման ռոբոտի առաջին աշխատանքային նախատիպը, հաղորդում է Engadget պորտալը։

Պորտալի փոխանցմամբ՝ ռոբոտը դեռ բավական վստահ չի շարժվում, սակայն արդեն իսկ ունակ է տեղափոխել արկղեր, թափահարել ձեռքերն ու ջրել ծաղիկները։ Optimus-ի ձեռքերը նախագծված են մարդկային ձեռքերի նմանությամբ և կարող են փոխգործակցել գրեթե ցանկացած առառկայի հետ։ Մասկի խոսքով՝ ռոբոտն առանց անվտանգության հենակների առաջին անգամ ինքնուրույն տեղաշարժվել է հենց շնորհանդեսի ժամանակ։

Tesla Optimus-ը տարածության մեջ կողմնորոշվում է համակարգչային տեսողության միջոցով։ Նշվում է, որ 2,3 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը 52 Վ լարման դեպքում պետք է բավարարի մեկ օրվա աշխատանքի համար: Նախատեսվում է, որ ռոբոտի զանգվածը լինելու է 73 կգ-ի սահմաններում: Optimus-ը կկարողանա շարժվել 8 կմ/ժ արագությամբ և բարձրացնել մինչև 20 կգ քաշով բեռ։

Մասկն ակնկալում է, որ ապագայում ռոբոտը կկարողանա կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք թույլ կտան գործունեության որոշ ոլորտներում մարդուն փոխարինել ռոբոտներով։ Հաջողության հասնելու պարագայում Optimus-ը կարժենա 20 հազար դոլարից պակաս։ Այնուամենայնիվ մարդանման ռոբոտի թողարկման ժամկետը դեռ չի հաղորդվում:

tert.am