Հոկտեմբերի 3-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմանում «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «գոտկային հատվածի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչները՝ 28-ամյա Տիգրան Հակոբյանը, իսկ 22-ամյա Հակոբ Ապերյանը։ Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս գտվում են վիրահատարանում։ Ու մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել մի խումբ անծանոթ տղաներ, իսկ Հ․ Ապերյանի տվյալները հիվանդանցում կեղծ են տվել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։